Մոտ ժամանակներս նախարարներից ոմանք կհեռանան զբաղեցրած պաշտոններից` ինչպես տարեվերջին խոստացել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ մասին գրում է «Հրապարակը»:
Ըստ պարբերականի, իրենց պաշտոններից կարող են զրկվել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Միայն հատուկենտ նախարարներ են համոզված, որ մնալու են իրենց պաշտոններին, մասնավորապես` նախարար-կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը և միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանը։
«Կանխորոշված է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հարցը», - պնդում է պարբերականը, հավելելով, որ օրերս Ղահրամանյանն անտրամադիր ու նյարդային տեսքով ներկայացել է մարզպետարան եւ հայտնել, որ «գնում է վաստակած հանգստի»։
Հիշեցնենք, որ տարեվերջին դիմակայություն էր նկատվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև` այն պատճառով, որ Ղահրամանյանը կառավարությունից լրացուցիչ 10 մլն դրամ էր խնդրել մարզի վարչակազմի էներգասպառման դիմաց պարտքի մարման համար: Դա զայրացրել էր վարչապետին, որը մերժել էր լրացուցիչ միջոցներ տրամադրել Ղահրամանյանին: