


Հայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիայի տուրիստական վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարության համաձայն, տուրիստական վիզայի տրամադրման ընթացակարգը 2 օր է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ինդոնեզիայի և Վիետնամի քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի շուրջ համաձայնագրին, որը նախատեսում է Հայաստանի քաղաքացիների համար շենգենյան վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցում: Հայաստանի քաղաքացիների որոշակի խմբի համար նախատեսվում է նաև ԵՄ երկրներ մուտքի պարզեցում: Խոսքը վերաբերում է պաշտոնական պատվիրակությունների անդամներին, գիտնականներին, ուսանողներին, լրագրողներին, արվեստի գործիչներին և մարզիկներին, ԵՄ երկրներում օրինական ապրող անձանց հարազատներին, ԵՄ այս կամ երկրի հայ համայնքի կազմակերպած միջոցառումների մասնակիցներին և այլն: Շենգենյան վիզայի դիմաց վճարը նվազեցվել է նախկին 60-ից մինչև 32 եվրո:


