


Արմինֆո.«Ծաղկունք» 10-րդ միջազգային պարային փառատոնն այս տարի կընդլայնի իր աշխարհագրությունը։ Համերգներ կանցկացվեն Հայաստանի և արտերկրի մի քանի բեմերում։
Մասնավորապես, միջոցառումը տեղի կունենա մարտի 28-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, ապրիլի 13-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում, իսկ ապրիլի 17-ին՝ Վասո Աբաշիձեի անվան պետական երաժշտական դրամայի թատրոնում (Վրաստան)։ Հոբելյանական ծրագիրը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 25-ին Մոսկվայի MOS PRODUCER համերգասրահում։
Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ «Ծաղկունք»-ը միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման հարթակ է։ Միջոցառմանը կմասնակցեն Ֆրանսիայից (Ստրասբուրգ, Լիոն), Մեծ Բրիտանիայից (Լոնդոն), Հունաստանից (Աթենք), Վրաստանից (Թբիլիսի), Ռուսաստանից (Սոչի), ինչպես նաև Հայաստանից պարային խմբեր։
Փառատոնը կազմակերպվում է «Կամուրջ» մշակութային կենտրոնի կողմից։



