


Արմինֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի գլոբալ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Բեթանի Կոզմոյը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են առողջապահության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան տվյալներով՝ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես ընդգծելով առողջապահության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը։
Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կենսաանվտանգությունը, լաբորատոր կարողությունների զարգացումը, բժշկական կրթությունը և վերապատրաստումը, ինչպես նաև առողջապահության ոլորտում արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Նրանք նաև ընդգծել են համապատասխան ամերիկյան գործակալությունների և մասնագիտական հաստատությունների հետ համատեղ աշխատանքի ընդլայնման կարևորությունը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի փոխանակմանը նպաստելու համար։
Կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը՝ քննարկված հարցերի գործնական իրականացումն ապահովելու համար։



