


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը և ՌԴ դեսպանատան դիվանագետները հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության տարելիցի առնչությամբ այցելել են Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մոմ են վառել և հոգեհանգստի կարգ պատվիրել: Ինչպես տեղեկանում ենք Facebook-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջից, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևն այցելել է գերեզմանատուն, որտեղ թաղված են Ավետիսյանների ընտանիքի անդամները և ծաղկեպսակ դրել գերեզմաններին:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն` իրականացված հատուկ դաժանությամբ, շահադիտական նկատառումներից ելնելով, պատվիրված, ուղեկցված դրամաշորթությամբ, կողոպուտով կամ ավազակությամբ), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (կողոպուտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների կիրառմամբ) և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ): 2015 թ. դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել դատարանի առաջին նիստը, սակայն դատավարությունը հետաձգվել է մինչև 2016 թ. հունվարի 18-ը: Նիստի հետաձգման պատճառ է հանդիսացել դատապարտյալ Վալերի Պերմյակովի շահերը պաշտպանելու համար ներգրավված երկրորդ հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի կողմից գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտությունը, ով միջնորդություն էր ներկայացրել նիստը մեկ ամսով հետաձգելու վերաբերյալ:



