


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը հիմնական թեմաներից մեկն է եղել Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի հետ Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հանդիպման ժամանակ: Ինչպես նշել է Սիդերը, Էստոնիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: «Ամենակարևորն այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելն է: Լեռնային Ղարաբաղի հարցում բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան Եվրամիության և ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետին», - ասել է նա:
Էստոնիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Մատի Ռաիդման, ով մասնակցել է հանդիպմանը, իր հերթին, հաղորդել է, որ ընթացիկ շաբաթվա վերջին Տալինում կկայանա ԵԱՀԿ ԽՎ-ում ընդգրկված հյուսիսային և բալթյան երկրների գործընկերների հանդիպում, և խոստացել է նրանց տեղեկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին գործընթացների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր:


