


Արմինֆո. Հայաստանի ընդդիմադիր ուժերի կողմից հարևան պետությունների նկատմամբ առաջ քաշվող տարածքային պահանջներն անխուսափելիորեն կհանգեցնեն նոր պատերազմի։ Այդ մասին մարտի 20-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մարտի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ այլ ուժերի իշխանության գալու դեպքում կվերանայվի խաղաղության օրակարգը, ինչը հղի է պատերազմի վտանգով ՝ ոչ միայն տարածքների, այլև ինքնիշխանության կորստի ռիսկով: Այսինքն, ինչպես պարզաբանել էր Հայաստանի վարչապետը, նրանք, իբր, "նոր սեպտեմբերյան պատերազմ են նախապատրաստում՝ ծանր հետեւանքներով"։ Վարչապետը, նույնիսկ, ժամկետներ էր նշել. նրա գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ ընտրություններից անմիջապես հետո, առավելագույնը՝ աշնանը։ Ի պատասխան "Ընդդիմության ինչին է պետք պատերազմը" ճշտող հարցին՝ վարչապետը նշել էր, որ այդպիսով այդ ուժերը կդառնան ֆորպոստի ղեկավարներ, այլ ոչ թե՝ պետության, ինչը նրանց ֆինանսապես ձեռնտու է, քանի որ թույլ կտա իրենց ակտիվները պահել արտերկրում"։
Սուրեն Պապիկյանը վարչապետի այս հայտարարությունը չի համարում քաղաքականապես մոտիվացված։ Նա հիշեցրել է, որ երկրում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ այն շարժումը, որը ինքը ներկայումս ղեկավարում է, չի լինելու Ղարաբաղյան շարժման շարունակությունը: Մինչդեռ, ընդդիմադիր ուժերի գնահատականները հանգում են հենց դրա շարունակմանը։ "Բոլոր քաղաքական գնահատականները, ումից էլ բխեն, պետք է պատասխանատու լինեն։ Ակնհայտ է նաեւ, որ մի շարք ընդդիմադիր ուժերի ռազմաշունչ հռետորաբանությունը կհանգեցնի պատերազմի", - ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։



