


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է, և ունի դրա հիմքերը, քանի որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա կլքի պաշտոնը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Մեր ձեւով" շարժման և "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ արձագանքելով գործարար և "Ուժեղ Հայաստան" քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ վարչապետի այսօրվա հարձակումներին:
«Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարարությունների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասախան` մենք լիովին հասկանում ենք իրեն: Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում ու գիտակցում է, թե ինչ է կատարվում: Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով` 2 ամսից, լքելու է պաշտոնը: Նրա արձագանքը շատ բնական է. Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը... Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել», - գրել է Ղահրամանյանը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետն այսօր ճեպազրույցի ժամանակ քննադատել է ընդդիմախոսներին, այդ թվում՝ նաև Կարապետյանին, և հայտարարել, որ այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ շատ մոտ ապագայում, ընտրություններից հետո, առավելագույնը՝ աշնանը: Ճշտող հարցին, թե որոնք են այդ ուժերը, և որն է նրանց նպատակը, Փաշինյանն ասել է, որ նպատակը պարզ է․ Հայաստանը պահել գուբերնիայի կարգավիճակում: Փաշինյանը հավաստիացրել է, որ այդ բոլոր ուժերնը էմիսարներ են, որպեսզի թույլ չտան, որ Հայաստանն անկախանա: Նա հավելել է, որ երեկ ինչ-որ լուսանկարներ է տեսել՝ "ուժեղ խաղաղություն" (Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության անվտանգության ծրագիրը - խմբ.), որոնք վկայում են խաղաղության նախապատրաստվող ռևիզիայի մասին։



