


Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ասվում է ԱԺ հաղորդագրությունում։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար ներկայացրել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: ՍԴ-ն կազմված է 9 դատավորից։ Նրանք ընտրվում են Ազգային ժողովի կողմից՝ նախագահի, կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ (յուրաքանչյուր մարմնից 3 թեկնածու): ՍԴ դատավորներն իրենց կազմից ընտրում են նախագահ և նրա տեղակալ ՝ 6 տարի ժամկետով:



