
«Աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք՚ ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ՚,- Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի առաջին օրերին Երևանում ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման, ինչը գրեթե ամբողջովին կաթվածահար էր արել երթևեկությունը քաղաքում, իսկ չմաքրված փողոցները մի շարք ՃՏՊ-ների և բազմաթիվ կոտրվածքների պատճառ են հանդիսացել, ինչը մայրաքաղաքի բնակչության դժգոհությունն է հարուցել: Քաղաքապետի հանձնարարականով, ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների համապատասխան աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Բացի այդ, ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում իբր ավելի քան 350 մեքենամեխանիզմներ են ներգրավվել:
Ինչպես հայկական ԶԼՄ-ներին հարցազրույցում նշել է «Սանիթեք՚ ընկերության գործառնական ղեկավարի օգնական Կարեն Ներսիսյանը, ընկերությունը ձնամաքրման շուրջօրյա աշխատանքներ է իրականացրել Երևանի փողոցներում: Նրա խոսքով, ձյան առատ տեղումների պայմաններում աշխատանքի արդյունքը չի երևում: Մինչդեռ իրականում ոչ միայն աշխատանքի արդյունքը չէր երևում, այլ՝ ընդհանրապես աշխատանք չէր տարվում. հունվարի 1-3-ը ձյան տեղումների ընթացքում մայրաքաղաքում ոչ մի ձնամաքրման մեքենա չկար:
Սոցցանցերում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Սանիթեքի՚ անգործության պատճառը նախորդ ամիսների ընթացքում ընկերության հանդեպ քաղաքապետարանի կուտակած պարտքերն են: Նշենք, որ մեկնաբանությունների համար «Սանիթեքի՚ հետ կապվել ԱրմԻնֆո-ի խմբագրությանը չհաջողվեց, քանի որ Հայաստանի ոչ մի տեղեկատուում այդ ընկերության որևէ կոնտակտային հեռախոսահամար չկա: Մինչդեռ ընկերությունը 2013 թ. հաղթել է Երևանի մի քանի վարչական շրջաններում ձնամաքրման և աղբահանության հայտամրցույթը: «Սանիթեքը՚ լիբանանյան ընկերություն է, ինչի առնչությամբ, ոմանց կարծիքով, վերջինս ձյան մաքրման աշխատանքների փորձ չունի, ինչը Լիբանանում հազվադեպ երևույթ է, այն էլ՝ միայն երկրի լեռնային զանգվածներում: