


Արմինֆո. Հայաստանում բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները իրավապահ մարմիններին կարող են փոխանցվել էլեկտրոնային եղանակով: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի խոսքով ՝ ներկայումս գործընթացն ամբողջությամբ իրականացվում է թղթային եղանակով, ինչը դժվարացնում և բարդացնում է քրեական դատավարության վարումը, ինչպես նաև առկա են խնդիրներ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման հետ կապված: Նախագծում առաջարկված իրավական կարգավորումները թույլ են տալիս իրականացնել բանկային և դրանց հետ կապված գաղտնիքներ պարունակող տեղեկատվության ստացման գործընթացը էլեկտրոնային տարբերակով: Նշված գործընթացի էլեկտրոնային եղանակով ներդրումը նպատակ ունի նվազեցնել տեղեկատվության մշակման և պատրաստման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները, ինչը հնարավորություն է տալիս գործը վարող մարմնին դատարանի կողմից սահմանված ժամկետներում տրամադրել բանկային և հարակից գաղտնիքներ պարունակող անհրաժեշտ տեղեկատվություն ՝ դրանով իսկ նպաստելով գործի քննության ողջամիտ ժամկետների սկզբունքի պահպանմանը:
Միաժամանակ, ինչպես ընդգծել է փոխնախարարը, համապատասխան տվյալների էլեկտրոնային եղանակով ստացումը չի ենթադրում, որ բանկային կամ դրանց հետ կապված գաղտնիքներ կազմող տեղեկատվությունը կարող է փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, ներառյալ պաշտոնական կամ աշխատանքային փոստը:



