
Հայաստանի իշխանություններն ակտիվ ջանքեր են գործադրում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում երկու հակահայկական զեկույցների ընդունումը կանխարգելելու ուղղությամբ: Դրանցից մեկը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցն է, մյուսը` Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցը:
Դրանց ընդունումը կանխելու նպատակով այս օրերին Երևանն օգտագործում է ոչ միայն իր դիվանագիտական խողովակները, այլև Սփյուռքի ռեսուրսները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները: Եվրոպական տարբեր մայրաքաղաքներ են մեկնել ժողվորդի ընտրյալները` մեկ առաքելությամբ. իրենց օտարերկրյա գործընկերներին համոզել դեմ քվեարկել այդ զեկույցներին: Այսպես, այդպիսի առաքելությամբ մերձբալթյան հանրապետություններում է գտնվում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որ այնուհետև նույն առաքելությամբ կմեկնի
Չեխիա և Հունաստան: Շարմազանովը համատեղության կարգով այդ երկրների հետ բարեկամության պատգամավորական խմբերի համանախագահ է:
Համանման առաքելությամբ Բուխարեստ և Վարշավա է մեկնել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, Լեհաստանի և Ռումինիայի հետ բարեկամության պատգամավորական խմբերի ղեկավար Հովհաննես Սահակյանը: Նույն առաքելությամբ տարբեր եվրոպական մայրաքաղաքներ են մեկնել նաև արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը և Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, ով նաև ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ է:
Միևնույն ժամանակ Հայ դատի եվրոպական գրասենյակը Change.org-ում ստորագրահավաք է նախաձեռնել ընդդեմ ԵԽԽՎ հակահայկական զեկույցների: Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում են լսումներ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցների շուրջ: Այդ երկու զեկույցները ներառում են տարբեր ձևակերպումներ, որոնք հակասում են այդ հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշմանը: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգից այդ երկու զեկույցների հանմանը նպատակաուղղված հայկական պատվիրակության ջանքերն անհաջողության են մատնվել: