


2015 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չի եղել, նախագահների վերջին հանդիպումը նույնպես ձևական բնույթի էր: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի ղեկավարի ասելով, դրա պատճառն այն է, որ «Հայաստանը հաշտություն չի ուզում և ձգտում է հնարավորինս երկար պահպանել ստատուս-քվոն, նա մտադիր չէ հեռանալ օկուպացված հողերից»: «Հայաստանը ժամանակ է ձգում, ցանկանում է ապագայում էլ բանակցությունները տեսնել որպես անվերջ գործընթաց: Իսկ մեր դիրքորոշումը արմատապես տարբերվում է, մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել հակամարտության կարգավորման: Բնականաբար, հենց դա է միջնորդների պարտականությունը», - նշել է Ադրբեջանի ղեկավարը: Նա ընդսմին ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի նկատմամբ ոչ մի լուրջ ճնշում չի գործադրվում:
«2015 թվականին Ադրբեջանն առավելության է հասել շփման գծում, թելադրել է սեփական կամքը: Այսուհետև էլ Ադրբեջանը կամրապնդի իր մարտական ներուժը», - հայտարարել է Ալիևը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է դեկտեմբերի 19-ին Բեռնում: Հանդիպման հիմնական թեմաներից մեկը լարվածության թուլացումն էր ղարաբաղյան հակամարտության գոտում և հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը:
Նշենք, որ 2015 թվականին իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծում էին Հայաստանի և Ղարաբաղի դիրքերը հրաձգային և հրետանային զինատեսակներից: Նախագահների հանդիպումից հետո իրավիճակը համեմամատաբար կայունացել է, սակայն նախօրեին հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում ղարաբաղյան դիրքերից մեկում 19-ամյա հայ զինծառայող է զոհվել: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի Ադրբեջանի ԶՈւ սադրիչ գործողությունները, և հակամարտության գոտում լարվածության սրման համար ողջ պատասխանատվությունը կընկնի հակառակորդի ուսերին:



