
Արմինֆո.Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված խայտառակ արշավը: Այդ մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:
«Բագրատ Սրբազանի դեմ սանձազերծվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նենգ ու էժանագին քաղաքական ահաբեկչություն՝ կազմակերպված պետական լծակներ ունեցողների կողմից։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականն է, որը մեր ազգի արյան, կորուստների ու պետական նվաստացման օրերին գիշեր ու ցերեկ կանգնած էր ժողովրդի կողքին։ Հենց այս անկոտրում տեսակի ու ճշմարտությունը ճակատին ասելու համար էլ նա այսօր դարձել է գլխավոր թիրախ։ Պետք չէ խաբվել կեղծ իրավական փաթեթավորումներով։ Այստեղ օրենք ու արդարադատություն չկա։ Կա ընդամենը վախկոտ և երկիրը կործանման տանող մի ուժի կեղտոտ պատվեր։ Նրանք նպատակ ունեն բանտել ու լռեցնել մի ձայն, որը մերկացնում է իրենց ապազգային էությունը։ Նրանք փորձում են արմատախիլ անել մեր վերջին դիմադրության օջախը՝ Հայոց Եկեղեցին։ Սրբազանին ազատազրկված պահելը բացահայտ ահաբեկչություն է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսի և յուրաքանչյուր հայի արժանապատվության դեմ։ Երբ օրվա իշխանությունը բանտ է նետում նման հոգևոր առաջնորդի, նա ուղիղ հարվածում է մեր ազգային ողնաշարին։ Սա պետական մակարդակով իրականացվող հոգևոր ցեղասպանություն է, որն իրականացվում է թշնամու ծափահարությունների ներքո։ Իշխանությունը սարսափում է։ Սարսափում է անկաշառ մարդկանցից, ճշմարտությունից և այն հեղինակությունից, որը չի կարող գնել կամ ծնկի բերել։ Այս վարչախումբը վաղուց տրորել է բոլոր կարմիր գծերը. սա այլևս հակաեկեղեցական դրսևորում չէ, սա ուղղակի թշնամանք է հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով վերջնականապես կազմաքանդել ու մասնատել Հայաստանը։ Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք՝ անհապաղ աղբանոց շպրտել այս շինծու մեղադրանքները և դադարեցնել Բագրատ Սրբազանի հանդեպ իրականացվող քաղաքական հաշվեհարդարը։ Այս խայտառակության յուրաքանչյուր նոր օր ավելացնում է այս իշխանության պատմական մեղքն ու ապագա դատավճռի ծանրությունը։ Սթափվե՛ք։ Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի ողջ հայությանը՝ դուրս գալ թմբիրից։ Այսօր լռելը հավասարազոր է դավաճանության։ Լռողը կիսում է այս հանցագործության մեղքը և վաղը անխուսափելիորեն դառնալու է այս նույն մսաղացի հերթական զոհը։ Հայոց Եկեղեցին կոկորդի ոսկոր է սրանց համար, քանի որ պահանջում է հավատք, պատիվ ու պատասխանատվություն՝ արժեքներ, որոնք իրենք վաղուց ուրացել են։ Բայց հիշե՛ք. Եկեղեցին ոչ մեկի գրպանի խաղալիքը չէ, որ փորձեք վախեցնել ու ծառայեցնել ձեր օրակարգին։ Նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել Եկեղեցու և նրա նվիրյալ սպասավորների վրա, կործանվելու են պատմության և բարոյականության աղբանոցում։ Բագրատ Սրբազանին պաշտպանելը մեկ հոգու փրկելու հարց չէ։ Սա կենաց ու մահու կռիվ է մեր տեսակի, մեր արժանապատվության և մեր պետության վերջին բաստիոնի համար։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բագրատ Սրբազանին և դադարեցնել Հայոց Եկեղեցու դեմ ուղղված այս խայտառակ արշավը։ Վերստին հիշեցնում ենք՝ Հայոց Եկեղեցին լռեցնելու փորձ անողները դատապարտված են պատմության և բարոյականության անվերադարձ մերժմանը», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսին հակաեկեղեցական լայն արշավ էր սկսել ՝ պահանջելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: Այդ արշավի շրջանակներում ձերբակալվել են մի շարք հոգևորականներ։ Հունիսի 25-ին կալանքի տակ են առնվել "Սրբազան պայքար" շարժման 18 ընդդիմադիր գործիչներ և համակիրներ ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանց մեղսագրվում է "իշխանությունը զավթելու" փորձ և "ահաբեկչություն"։ Որպես նրանց մեղավորության ապացույց բերվում են "շարժման անդամների միջև խոսակցությունների ձայնագրությունները"