
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը ոչ մի պարագայում չի կարող փոփոխվել: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նոր գլխավոր օրենքում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության մեջ փորձագետը հիշեցնում է, որԱրցախի Հանրապետությունն «Ադրբեջան» անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2026թ. մարտի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում, ի մասնավորի, հայտարարել է, թե ՀՀ նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի:
«ՀՀ անկախության հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`…կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, …հռչակում Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: …Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Ահա ա՛յս արձանագրումներն են անհանգստացնում օկուպանտ և ցեղասպան Թուրքիային, վերջինիս կովկասյան կցորդ՝ հարևան Իրանի հյուսիսարևմտյան «Ադրբեջան» նահանգի անունը յուրացրած, արհեստական, կեղծ կազմավորմանը՝ Ադրբեջանին, ու թուրքադրբեջանական տանդեմի պահանջները բավարարող ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշին:
Սակայն, հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության», - ընդգծել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր սահմանադրության նախաբանում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, իր դիրքորոշումը բացատրելով, առաջին հերթին, նրանով, թե "անկախության մասին գործող հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանությամբ"։
Հատկանշական է, որ Ադրբեջանը մի քանի տարի պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հիշատակումը։ Ավելին, դա խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի պայմաններից մեկն է՝ Երևանին։ Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ Հայաստանի իշխանությունները, նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ, կատարում են Բաքվի հերթական պահանջը։