
Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անհեթեթ է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներն Արցախյան շարժման վերաբերյալ, ընդգծելով, որ դրանք չեն կարող վարկաբեկել հայ ժողովրդի հերոսական պայքարը հանուն ազատության և խաղաղության:
«Վերջին օրերին Եվրոպական խորհրդարանում ու լրագրողների հետ հանդիպումներում Արցախի և Արցախյան շարժման վերաբերյալ տգիտության ու կեղծիքի վրա հիմնված փաշինյանական «դատողությունները» ոչ միայն հարուցել են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով իրականացված Արցախի բռնազավթման հետ չհաշտվող մեր հազարավոր հայրենակիցների վրդովմունքը, այլև պահանջում են որոշ մեկնաբանումներ․
Արցախյան շարժման վերաբերյալ անհեթեթ հայտարարությունները չեն կարող վարկաբեկել մեր ժողովրդի՝ հանուն ազատության ու խաղաղության հերոսական պայքարի այդ լուսավոր դրսևորումը։
Որևէ երկրի՝ այդ թվում և Հայաստանի, իշխանության լիազորությունները սահմանափակվում են այդ երկրի սահմաններով։ Այդ սահմաններից դուրս, այլ պետության (անկախ այն բանից այն ճանաչված է, թե ոչ) տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործողությունները (քրեական գործերի հարուցում և այլն), այդ պետության բնակչության իրավունքների վերաբերյալ «որոշումների» ընդունումը, ճակատագրի տնօրինումը միջազգային հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է և հանցագործություն։ Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը։
Եթե եղածը խաղաղություն է, այլ ոչ թե բացարձակ և չընդհատվող կապիտուլյացիա, ապա ինչու են ադրբեջանական զորքերը շարունակում մնալ ՀՀ բռնազավթված 240 քառակուսի մետր տարածքում, ինչու էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված 150000 արցախցիներ չեն վերադառնում հայրենի տներ, ինչու Բաքվի բանտերից հայրենիք չեն վերադառնում հայ պատանդառուները,ինչու են հիմնովին ոչնչացվում Արցախի հայկականության անժխտելի վկայությունները՝ հայկական բնակավայրերը, ծիսական շինությունները, պատմամշակութային հուշարձանները և այլն։
Ղարաբաղյան շարժման էության և վերջին տարիներին Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանության իրականացման գործողությունների նենգափոխումն ու կեղծ «խաղաղությամբ» փաթեթավորումը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ, որոնք մի քանի տարի շարունակ ընդունել են Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները և Թուրքիայի մասնակցությունը դրանց դատապարտող բանաձևերը՝արհամարհանք է այդ կառույցի նկատմամբ:
Միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անվերապահ աջակցությամբ տասնամյակների իրականացված ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացի վերածումը «տարածքային վեճի», Ադրբեջանի քարոզչական թեզերի շարունակական վերարտադրությունը ՀՀ իշխանությունների կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է ու վերջին մի քանի տարում միջազգային ատյանների վերաբերմունքի արմատական փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական զարգացումներով, այլև ՀՀ իշխանությունների վերաբերմունքով Արցախի ու Արցախյան շարժման նկատմամբ։
Մեզ համար զարմանալի չէ, որ Հայրենիք հասկացողությունը չընկալողները, 1700-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ու ազգային հավատքը ուրացողներն ու ամբաստանողները, խարդավանքներով ու աճպարարություններով իշխանության աթոռները ձեռք բերածներն ու դրանք պետության հետ նույնականացնողները վարկաբեկում են ամեն սուրբ բան, այդ թվում և մեր ժողովրդի ինքնությունը ձևավորող մյուս հաստատություններն ու գործընթացները, այդ թվում և Արցախյան շարժումը։
Արցախի ժողովրդի՝ ինքնորոշվելու, հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքը չի կարող վերանալ ստի, կեղծիքի ու նենգափոխումների միջոցով կամ դառնալ ճղճիմ գործարքների առարկա։
Որպես Արցախի ժողովրդի ընտրյալ կառույցի ներկայացուցիչ, հավաստիացնում եմ, որ շարունակելու ենք բոլոր օրինական միջոցներով ու գործիքակազմերով պայքարել Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման ու իրացման համար՝ ունենալով Արցախի և արցախցիների խնդրով մտահոգ ուժերի և անհատների շարունակական, հզոր աջակցությունը», - ասվում է Աշոտ Դանիելյանի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ Արցախյան շարժումը փակվել է, իսկ իրենց տներից վտարված արցախցիները պետք է մոռանան հայրենիք վերադառնալու մասին, ընդունեն ՀՀ քաղաքացիություն և հաստատվեն Հայաստանում: