
Արմինֆո. Միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը`Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) պաշտոնապես հայտնում է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոններից մեկը դարձավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։ Այդ մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունը։
«1933-ին ստեղծված FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։
«Ոսկե Ծիրանի» ընդգրկումը այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև։ «Ոսկե Ծիրանը» շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցելու հեղինակային կինոյին, բացահայտելու նոր ստեղծագործական ձայներ և խթանելու մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ "Ոսկե ծիրան" կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկը: Փառատոնի հիմնադիրներն են Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը: Փառատոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ավետիսյանը:
Իր գոյության տարիներին փառատոնը Երևանում հյուրընկալել է համաշխարհային կինեմատոգրաֆի բազմաթիվ ականավոր ներկայացուցիչների՝ ռեժիսորների, դերասանների և պրոդյուսերների: Առավել հայտնի հյուրերի թվում էին կինոյի այնպիսի ճանաչված վարպետներ, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Դարեն Արոնոֆսկին, Ալեքսանդր Սոկուրովը, Նիկիտա Միխալկովը, Ագնեշկա Հոլանդը, Իշտվան Սաբոն, Ջաֆար Փանահին, Ամիր Նադերին, Ատոմ Էգոյանը, Շոն Բեյքերը, Ալեքսանդր Փեյնը, Տակեշի Կիտանոն և այլոք: Փառատոն են այցելել նաև համաշխարհային կինոյի հայտնի դերասաններ և դերասանուհիներ, որոնց թվում էին Քևին Սփեյսին, Կլաուդիա Կարդինալեն, Օռնելա Մուտին, Նաստասյա Կինսկին, Ժակլին Բիսեթը և այլոք: