
Արմինֆո. Թուրքիան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ակտիվ մասնակից է՝ ապահովելով հաղորդակցությունների անխափան աշխատանքը։ Անկարան անմեղ դիտորդ չէ այս գործընթացում, քանի որ ավելի մեծ շահեր ունի։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ ծովային հետեւակի նախկին հետախույզ, Իրաքում ՄԱԿ-ի սպառազինությունների գծով նախկին տեսուչ, The Huffington Post-ի սյունակագիր Սքոթ Ռիթերը։
Այդ առումով Ռիթերը հիշեցրել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի տարածքով 46 կիլոմետրանոց միջանցք ստանալու օգտին, որը կմիացներ Ադրբեջանի հիմնական տարածքը նրա էքսկլավ Նախիջեւանին։
"ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկ ամիս առաջ էր տարածաշրջանում և ակտիվորեն առաջ էր տանում այդ գաղափարը։ Սակայն, Իրանը դեմ է արտահայտվել այդ միջանցքին, սպառնալով ուժային միջամտությամբ, եթե նախագիծն իրականացվի։ Ուստի, ես կարծում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հակամարտությունն օգտագործում են տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու համար, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքը" շուտափույթ ձեռք բերելու, իսկ հետո արդեն Միացյալ Նահանգների աջակցությունը ստանալու նպատակով։ Կուլիսների հետեւում շատ բան է կատարվում։ Թուրքերն այս հակամարտությունում անմեղ դիտորդներ չեն, նրանք ակտիվորեն ներգրավված են դրանում", - հայտարարել Է ամերիկացի փորձագետը։
Այս համատեքստում նա փաստել է, որ այդ հակամարտությանը Թուրքիայի մասնակցության հետևում կանգնած են ավելի լայնածավալ աշխարհաքաղաքական շահեր։ Ռիթերը վստահ է, որ առկա իրողություններում Իրանն իրավունք ունի Թուրքիային պատասխանատվության կոչել իր գործողությունների համար։
Անդրադառնալով անցած տարվա ամռան 12-օրյա պատերազմից հետո Իրանի պաշտպանական կարողությունները վերականգնելու հարցում Ռուսաստանի և Չինաստանի աջակցությանը՝ ռազմական ոլորտի փորձագետը հիշեցրել է, որ Իսլամական Հանրապետությունն ինքնուրույն տերություն է, և պետք չէ թերագնահատել նրա հնարավորությունները:
"Իրանը հրթիռներ է արտադրում ոչ այն պատճառով, որ Հյուսիսային Կորեան նրան ռազմական տեխնոլոգիաներ է տրամադրում, իսկ Ռուսաստանն՝ իրենը։ Իրանն այդ տեխնոլոգներն ինքնուրույն է մշակել", - նշել է նա։
Միևնույն ժամանակ, Ռիթերն արձանագրել է, որ Իրանը հետախուզական տվյալների միջոցով մշտապես կատարելագործում է իր բալիստիկ հրթիռները: Նրա ասելով՝ հարձակողական սպառազինության ժամանակակից տեխնոլոգիաներ ունեցող երկրները միշտ առաջ են անցնելու հակահրթիռային պաշտպանություն ունեցող երկրներից: Փորձագետն ընդգծել է, որ հենց դրանով կարելի է պայմանավորել այն, ինչ այսօր կատարվում է Իսրայելի երկնքում: "Մեր հակահրթիռային պաշտպանությունը չի հասնում իրանցիներին", - հավելել է նա:
Միևնույն ժամանակ, Ռիթերը կարծում է, որ Իսրայելը բարձր գին կվճարի Իրանի գերագույն առաջնորդի սպանության համար: "Իրանն այլևս արարողակարգին չի հետեւում, նա հանել է ձեռնոցները և կռվելու է բռունցքներով", - նշել է նա: