


Արմինֆո.Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) երկրի անդամակցության մասին առանցքային պայմանագրերի չեղարկմանը: Որոշումն ընդունվել է կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգի շրջանակներում։ Այն վերաբերում Է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին և դրան կից արձանագրությանը։ Երկու փաստաթղթերն էլ ստորագրվել են 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ։ Չեղյալ է հայտարարվում նաև ԱՊՀ կանոնադրությունը, որն ընդունվել էր 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այժմ օրինագիծը կներկայացվի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի սստորագրմանը: Հավանության դեպքում փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան։ Պատգամավորների դրական որոշման դեպքում երկրի իշխանություններն այդ մասին կտեղեկացնեն ԱՊՀ Գործադիր կոմիտեին, և 12 ամիս անց հանրապետության մասնակցությունը կազմակերպությանը կդադարեցվի:
ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալու ընթացակարգի մեկնարկի մասին հունվարին հաղորդել էր փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը, ով նշել էր, որ հանրապետությունը, գործնականում, այլևս չի մասնակցում ԱՊՀ աշխատանքներին, որտեղ, բացի նրանից և Ռուսաստանից, մտնում են նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Կրեմլը սպասելի է համարել համագործակցությունը լքելու Մոլդովայի որոշումը։
Մոլդովան որոշել է դուրս գալ ԱՊՀ-ից եվրաինտեգրման կուրսի հռչակումից և 2022 թվականին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց հետո:



