
Արմինֆո.«Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 11-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Փաշինյանը նշել է, որ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը:
«Այսօրվա իմ ելույթում ես նաև հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ երկուսուկես տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել: Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում, և դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։
Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական Միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի։ Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել:
Ընդհանուր առմամբ՝ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է և տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում, և ուրախ եմ արձանագրել նաև, որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: