


Դեկտեմբերի 26-ին և 27-ին Երևանի կոնյակի գործարանում անցկացվում Է «Բաց Դռների Օրեր» միջոցառումը, որի ընթացքում ցանկացողներն անվճար կարող են այցելել գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան և ծանոթանալ հայկական կոնյակագործության պատմությանը:
Նշված օրերին այցելուները բացի ԱՐԱՐԱՏ թանգարանի դասական շրջայցից կարող են նաև ծանոթանալ «Խաղողագործությունը հին Հայաստանում» երկօրյա ցուցահանդեսին, որը կազմակերպվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ:
Ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվեն ուրարտական ժամանակշրջանի բացառիկ նմուշներ, որոնք ներկայացնում են կոնյակագործության հիմքի՝ խաղողագործության պատմությունն առավել լայն պատմական համատեքստում:
Որոշակի ցուցանմուշներ հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:
Հատկանշական է, որ անգամ այդ ժամանակահատվածներում խաղողից ստացված տարատեսակ ըմպելիքների վայելքի արարողությունը հաճույքի աղբյուր լինելուց բացի ուներ նաև գեղագիտական մեծ նշանակություն:
Նշենք, որ Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի գործընկերը Հայաստանում:
Երևանի կոնյակի գործարանը` ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին Երևանի կոնյակի գործարանն անդամակցել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համաառաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են` Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի) Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի) և այլն:


