


Արմինֆո.Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր:
Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման և ոլորոտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի:
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի շրջանակներում հայտարարվել էր Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարության ստորագրման մասին:



