
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել երկրի Քննչական կոմիտե՝ ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ: Այդ մասին ասվում է ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրությունում։
«Ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի․ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։ Կոչ ենք անում լինել զգոն, իսկ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել ՆԳՆ Ոստիկանություն՝ զանգահարելով 112 կամ տեղեկատվությունն ուղարկելով [email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև տեղեկատվություն կարող եք փոխանցել azdararir.am հարթակի միջոցով», - ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը հաղորդել էր, որ իրենց տրամադրության տակ հայտնվել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որում նա "խնդրել էր արագ արձագանքման խումբ ուղարկել Երեւան՝ կրեմլյան ապատեղեկատվությանը եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար": Այդ առնչությամբ հիշեցվել էր, որ ԵՄ-ը մոտ 20 հոգուց բաղկացած համանման խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, "որպեսզի օգնի մոլդովական իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը": Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ "ռուսական քարոզչությանը հակազդելու համար":