


Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ԻԻՀ-ին երաշխավորել նավարկության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը:
Ինչպես հաղորդել է ինքը՝ Մակրոնը, Twitter-ի (X) իր էջում, Փեզեշկիանի հետ հեռախոսազրույցում նա նշել է անվտանգության ապահովման և երկու ֆրանսիացի զբոսաշրջիկներ Սեսիլ Կոլերի և Ժակ Պարիի Ֆրանսիա վերադարձի բացարձակ առաջնահերթությունը, որոնք ներկայումս գտնվում են Ֆրանսիայի դեսպանատանը: Վերջիններս Իրանում մեղադրվել են լրտեսության համար։
"Ես ընդգծել եմ Իրանի կողմից տարածաշրջանի երկրներին հարվածներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Իրանը նաև պետք է երաշխավորի նավարկության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը:
Ի վերջո, ես կրկին արտահայտել եմ մեր խորին մտահոգությունն Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի զարգացման և տարածաշրջանում դրա ողջ ապակայունացնող գործունեության վերաբերյալ, որն ընկած է ներկայիս ճգնաժամի հիմքում:
Դիվանագիտական լուծումն առավել քան երբևէ անհրաժեշտ է այս կարևորագույն խնդիրները լուծելու, էսկալացիան դադարեցնելու և խաղաղությունը պահպանելու համար: Մենք պայմանավորվել ենք կապի մեջ մնալ", - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Հատկանշական է, որ Մակրոնը ոչ մի խոսք չի ասել ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով Իրանում զոհերի մասին։
Հիշեցնենք, որ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը փետրվարի 28-ին երկրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո: Դա հանգեցրել է նավթի և գազի գների աճի ողջ աշխարհում։



