
Արմինֆո.Թեհրանը Մոսկվայից ակնկալում է նրա միջազգային հնարավորությունների օգտագործում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական ագրեսիայի պայմաններում Իրանի ժողովրդի իրավունքներին աջակցելու համար: Ըստ Tasnim-ի՝ այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ուրբաթ երեկոյան կայացած հեռախոսազրույցում Իրանի նախագահը և Ռուսսատանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո:
Փեզեշքիանը Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունն անվանել է ակտ, որը հակասում է բոլոր իրավական նորմերին և միջազգային կանոններին: Նա ընդգծել է, որ "ճնշողները ձգտում են իրենց կամքը պարտադրել ժողովուրդներին իշխանության կույր եւ հուսահատ գործողությունների միջոցով":
Սակայն, ինչպես հավելել է Փեզեշքիանը, Իրանի ժողովրդի զանգվածային եւ հերոսական ներկայությունն ի պաշտպանություն իր համակարգի եւ երկրի ապացուցեց, որ նման ագրեսիաները միայն ամրապնդում են ազգի վճռականությունը՝ պաշտպանելու սեփական ինքնիշխանությունը
Նա նշել է, որ տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական խորհրդատվությունները պարզել են, որ ԱՄՆ ռազմակայաններին հարվածներ հասցնելը բացառապես պաշտպանական միջոց է, որն ուղղված է Իրանի և նրա ժողովրդի պաշտպանությանը, գրում է իրանական լրատվամիջոցը:
«Կրեմլին.ռու»-ն, իր հերթին, հաղորդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ խորին ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության առնչությամբ:
"Հաստատվել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության, Իրանի շուրջ եւ ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում խնդիրների լուծման ուժային մեթոդներից հրաժարվելու, քաղաքական - դիվանագիտական կարգավորման ճանապարհ շուտափույթ վերադարձի վերաբերյալ: Այդ առնչությամբ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մշտական կապի մեջ է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կազմում ընդգրկված երկրների ղեկավարների հետ: Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել սեփական հայրենիքի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանող իրանցի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության համար և մանրամասն տեղեկացրել է հակամարտության ներկա սուր փուլում իրավիճակի զարգացման մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրանական կողմի հետ տարբեր խողովակներով շփումները կշարունակվեն", - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: