


Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ծավալների, ինչպես նաև Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային կապակցվածությանն ու կայուն մատակարարումների ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 6,3% - ով՝ կազմելով 115,9 մլն դոլար: Ընդ որում, արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 4,6% - ով՝ մինչև 82,5 մլն դոլար, ներմուծման 10,7% աճի ֆոնին՝ մինչև 33,4 մլն դոլար:
2025 թվականի 9 ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումների դրական զուտ հոսքի առումով երրորդ տեղում Ղազախստանն է՝ 54.5 մլն դոլար (20.8 մլրդ դրամ ՝ տարեկան 2,5 անգամ աճով), և եթե նախկինում դրանք ամբողջությամբ ներկայացնում էին ՕՈՒՆ, ապա այժմ վերջիններիս մասնաբաժինը չնչին է։ Ղազախստանը ներդրումները, հիմնականում, ուղղել է մետաղական հանքաքարի արդյունահանմանը, որտեղ նախկինում չի ներդրվել, իսկ մնացած ծավալը, ինչպես եւ նախկինում, բաժին է ընկել իրաավունքի եւ հաշվապահական հաշվառման ոլորտին։



