
Արմինֆո. Քևին Համիլթոնը նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Համիլթոնի վրա է դրված ռազմավարական նշանակություն ունեցող այս երկու տարածաշրջաններում դաշինքի քաղաքականության առաջմղման պատասխանատվությունը: Նա նաեւ գլխավոր քարտուղարի գործընկերության հարցերով օգնականի տեղակալն է քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության բաժնում:
Համիլթոնը կանադացի դիվանագետ է։ 2023-2026 թվականներին նա զբաղեցրել է Թուրքիայում Կանադայի դեսպանի պաշտոնը, որը միաժամանակ հավատարմագրված էր Ադրբեջանում և Վրաստանում: Ավելի վաղ նա զբաղեցրել է Ռումինիայում, Բուլղարիայում և Մոլդովայի Հանրապետությունում դեսպանի պաշտոններ (2016-2020թթ.):
2020-2023 թվականներին նա ծառայել է որպես Կանադայի արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն ՝ պատասխանատու լինելով պաշտպանության և անվտանգության միջազգային հարաբերությունների, ՆԱՏՕ-ի և անդրատլանտյան անվտանգության, հյուսիսամերիկյան պաշտպանական համագործակցության, հնդկա-խաղաղօվկիանոսյան անվտանգության քաղաքականության և զենքի չտարածման և վերահսկման համար:
2013-2016 թվականներին նա ծառայել է որպես Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի բաժնի տնօրեն ՝ պատասխանատու լինելով Կանադայի քաղաքական և առևտրային հարաբերությունների համար 19 եվրոպական և եվրասիական երկրների հետ՝ Արևմտյան Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա: 2010-2013թթ. եղել է Լիտվայում Կանադայի դեսպանատան առաքելության ղեկավար, որը միաժամանակ հավատարմագրված է եղել Էստոնիայում և Լատվիայում:
Նա նախկինում զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Կանադայի բարձր հանձնաժողովում քաղաքական խորհրդականի, հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության խմբի փոխտնօրենի, և քաղաքականության պլանավորման բաժնի փոխտնօրենի պաշտոններ։ Նա նաև աշխատել է Թել Ավիվում և Սարաևոյում Կանադայի դեսպանատներում:
Համիլթոնն ունի Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան, որն ստացել է Կարլթոնի համալսարանի (Օտտավա) միջազգային հարաբերությունների Նորման Պատերսոնի դպրոցում, և միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան, որն ստացել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում (Վանկուվեր):