


Կարելի է փաստել, որ թեև կարգավորման գործում բեկում տեղի չի ունեցել, սակայն նախագահները հնարավորություն են ունեցել անմիջական զրույց ունենալ, քննարկել բանակցությունների սեղանին դրված առաջարկությունները, հստակեցնել դիրքորոշումներ վիճահարույց հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, դեկտեմբերի 24-ին ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա ասելով, հանդիպման ընթացքում հաստատվել է շահագրգռվածությունը Մինսկի ձեւաչափով աշխատանքը շարունակելու հարցում: «Բնականաբար, քննարկվել է անբավարար իրավիճակը, որը ստեղծվում է սահմանին եւ շփման գծում», - նշել է Զախարովան:
«Ռուսական կողմը դրական է վերաբերվում բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակմանը, որը նպատակաուղղված է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Կարծում ենք, որ կայացած հանդիպումը որոշակի փուլ է կարգավորման գործընթացում, որը վերսկսվել էր անցյալ տարի Սոչիում և հետո շարունակվել Ուելսում ու Փարիզում: Մենք ելնում ենք այն բանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությունը շարունակվելու է: Բացի այդ, Ռուսաստանը, նախկինի պես, ինքնուրույն ջանքեր է գործադրելու, որպեսզի կողմերին օգնի փոխզիջման հասնել համանախագահների հետ համաձայնեցված մոտեցումների հիման վրա», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:



