


Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։
Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավածության պատրաստակամությունը։
Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն կարևորել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները։
Նույն օրն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրավիճակի հանգուցալուծման հույս հայտնել։
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերի հասցեագրման հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան ԱՄԷ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերը և փոխգործակցության պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։



