
Արմինֆո. «Մենք տեսնում ենք որոշակի ըմբռնում մեր ռուս գործընկերների կողմից՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարման փոխանցման հարցում, ինչի համար շնորհակալ ենք», - ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ այդ հարցի քննարկում է ընթանում հայկական և ռուսական կողմերի միջև աշխատանքային մակարդակով։ Վարչապետը կրկին նշել է, որ տեղի ունեցողը բնավ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ «Մենք, պարզապես, ներկայացնում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ այս իրավիճակում մենք կորցնում ենք մեր մրցակցային առավելությունները։ Մենք չենք առաջնորդվում որևէ այլ մոտիվացիայով, և հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել կոնկրետ լուծումների», - նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն է, 2008 թվականից ի վեր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներն է։ Կոնցեսիայի ժամկետը 30 տարի է։
Այս տարվա փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ռուսական կողմից առաջարկել էր քննարկել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն իրավունքը Մոսկվային և Երևանին բարեկամ որեւէ պետության վաճառելու հարցը։ Որպես տարբերակ նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Ընդ որում, Փաշինյանը հանդես էր եկել պնդմամբ, որ Հայաստանը ոչինչ չունի Ռուսաստանի դեմ, բայց ռուսական կոնցեսիա «որոշակի մրցակցային կորուստներ» է ստեղծում հանրապետության համար։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի նման առաջարկին՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարօրինակ է համարել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիոն կառավարումը մրցակցային կորուստներ է ստեղծում հայկական կողմի համար։
Նա ընդգծել է, որ ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում ՀՀ-ին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ «Երևանի խնդրանքով Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին կապող երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ մեր դիրքորոշումը փետրվարի 12-ին հստակ արտահայտել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հենց այդ դիրքորոշմանն էլ մենք կհետևենք», - ասել է Զախարովան։
Մեկնաբանելով հայկական կողմի դիմումը՝ Օվերչուկն ինքը հայտարարել է, որ Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական և եղբայրական զգացմունքներից ելնելով՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց ծայրակցումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիների հետ՝ Երասխ քաղաքի մոտ, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ՝ Ախուրյան բնակավայրի մոտ։