


Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Կոնդ թաղամասի բնակիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր:
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, Տիգրան Ավինյանը վերստին ընդգծել է, որ քաղաքապետարանի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու դեպքում կառուցապատողի, ձեռքբերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերի բացառումն է:
«Տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարաբնույթ խնդիրների։ Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Դրանց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար, ի դեպ, քաղաքապետարան մուտքագրված արդեն ավելի քան 670 դիմում կա: Գործընթացը շարունակվում է, փաստաթղթերն ուսումնասիրվում են», - նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները մտադիր են իրականացնել պատմական Կոնդ թաղամասի արդիականացման ծրագիր՝ պահպանելով դրա յուրահատուկ կոլորիտը, ինտեգրելով հին ճարտարապետությունը նոր քաղաքային միջավայրի հետ։ Քաղաքապետարանի և ՀՀ կառավարության կողմից մշակվող նախագիծը ենթադրում է հողերի օտարում, անշարժ գույքի օրինականացում, հետիոտնային գոտիների, արվեստի ակումբների և ռեստորանների ստեղծում՝ թաղամասը վերածելով «Հայկական Մոնմարտրի»։ Մասնավորապես, նախատեսվում է պահպանված երկհարկանի և եռահարկ հին շենքերի վերականգնում, այգու ստեղծում և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում՝ սրճարանների, նկարիչների արվեստաանոցների և թանգարանների բացման ճանապաարհով։ Նախագիծը մտել է գործնական իրականացման փուլ, և աշխատանքներ են տարվում միասնական հայեցակարգի մշակման ուղղությամբ՝ նախկինում ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ մշակված առաջարկների հիման վրա։



