


2014թ. դեկտեմբերին ընդունված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասինե ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենսդրական փոփոխությունների հիման վրա 2015թ.-ի հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում սկսել է գործել Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական առցանց համակարգը: Այն նպատակ ունի խթանել շարժական գույքի օգտագործումը որպես վարկային պարտավորությունների կատարման ապահովում և բարձրացնել վարկային միջոցների հասանելիության մակարդակը հատկապես միկրո փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար:
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական համակարգ
Ապահովված գործարքի պարագայում պարտավորության կատարումն իրականացվում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միջոցով: Շարժական գույքը ներառում է սարքավորումները, պաշարները, հումքը, դեբիտորական պարտքերը, ապահովված վաճառքի գծով պայմանագրերը, ոչ նյութական ակտիվները և փաստաթղթերը (օրինակ` արժեթղթերը, պայմանագրային իրավունքները, մտավոր սեփականությունը և այլն), գյուղատնտեսական արտադրանքը, կենդանիները, սպառողական ապրանքները, կանխիկ դրամը, դեպոզիտային հաշիվները, օգտակար հանածոները և այլն:



