
Արմինֆո. Հայաստանի և Վրաստանի շուրջ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, և այս ամենի ֆոնին առավել ևս կարևոր է երկրների միջև համագործակցության խորացումը։ Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մարտի 4-ին Թբիլիսիում իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Քիչ առաջ մենք այնտեղ պետական համապատասխան պաշտոնատար անձանց, նախարարների մասնակցությամբ շատ հետաքրքիր քննարկում ունեցանք տարբեր թեմաների շուրջ, երկու երկրների միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք, որ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես՝ այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը: Մենք կապված ենք պատմական բարեկամական կապերով մեր երկրների, մեր ժողովուրդների միջև, և սա հիմք է ծառայում ռազմավարական գործընկերության համար Հայաստանի և Վրաստանի միջև:
Իհարկե, մենք շատ ուրախ ենք և ոգևորված, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք և մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ, ռազմավարական բարեկամական կապերը խորացնելով մեր երկրների միջև: Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը։
Ես կրկին անգամ առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին` աջակցելու համար մեր ազգային շահերին, հարգելու համար մեր շահերը, հատկապես՝ երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու համար` հանձնաժողովի նիստի շրջանակում էլ։ Ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։
Մենք այսօր քննարկեցինք երկկողմ օրակարգը, քննարկեցինք տարբեր թեմաներ, համագործակցությունը տարբեր ոլորտներում, քննարկեցինք կրթության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությունը։ Կուզեի կրկին անգամ ընդգծել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Մենք, այնուամենայնիվ, դեռ ունենք ներուժ, դեռ ունենք չիրացված ներուժ և հեռանկարներ։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առևտրատնտեսական համագործակցությունը։ Առևտրի առումով Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տասնյակում է, ճանապարհորդությունների և զբոսաշրջության իմաստով Հայաստանն առաջին եռյակում է Վրաստանի համար, և շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը և այն ավելի խորացնելը զբոսաշրջության բնագավառում։ Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է: Մենք պետք է էլ ավելի խորացնենք այս համագործակցությունը։
Մենք ոգևորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Մենք երջանիկ ենք և ընդգծեցինք դա միջկառավարական հանձնաժողովի նիստին: Ուրախ ենք, երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք կայունություն ու խաղաղություն տարածաշրջանում: Այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի:
Ես ցանկանում եմ կրկին ընդգծել գերազանց համագործակցությունը մեր երկրների միջև՝ գործընկերություն, բարեկամություն և օրինակելի կապեր մեր երկրների ժողովուրդների միջև։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրների, մեր ժողովուրդների նկատմամբ: Պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի էլ ավելի խորացնենք և ամրապնդենք մեր բարեկամական, գործընկերային կապերը», - ասել է Վրաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանի վարչաապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել էին Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, ինչը գնահատվել էր որպես պատմական որոշում: