
Արմինֆո.Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրումը լավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար՝ հանդես գալու որպես Եվրոպայի գազի առանցքային մատակարար։ Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել անդրսահմանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերի մասնագետ, քաղաքագետ, գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամաանքի վրա, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է «Թուրքական հոսք» եւ «Երկնագույն հոսք» գազամուղերին սպառնացող վտանգների մասին: Ինչպես պարզաբանում է փորձագետը,
նշված գազամուղերը ստեղծված կոնֆլիկտային կոնֆիգուրացիայում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
«Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ են ստեղծում եվրոպական շուկայում, ինչը արտահայտվում է նաև գազի ֆյուչերսների աճի տեսքով (+30%%): Այս ամենը լավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար՝ հանդես գալու որպես Եվրոպայի առանցքային մատակարար, ինչը հնարավոր է ապահովել հենց վերոնշյալ «Թուրքական» ու «Երկնագույն» հոսքերով՝ համապատասխանաբար 31,5 մլրդ խմ ու 16 մլրդ խմ թողունակությամբ», - պարզաբանել է քաղաքագետը:
Ընդ որում, նա հիշեցրել է, որ երկու գազամուղերն էլ ռուսական նախագծեր են, որոնք ապահովում են Ռուսաստանից գազի մատակարարում Թուրքիա Սև ծովի հատակով: Դավթյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նման գազային սցենարը, բնականաբար, հակասում է, նախևառաջ, Վաշինգտոնի շահերին, որը փորձում է Կատարից մատակարարումների դադարեցման պայմաններում արագորեն գրավել եվրոպական շուկան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Եվրոպայում գազի սփոթ գները մարտի 2-ին աճել են ավելի քան 22% - ով' մինչև 39 եվրո մեկ ՄՎտ/ժամի դիմաց՝ մոտենալով հունիսյան առավելագույնին: TTF եվրոպական էտալոնային հանգույցում "հաջորդ օրը" մատակարարվող գազի գինը երկուշաբթի հասել է 472 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ, ուրբաթ օրը սակարկությունները փակվել են 387 դոլարի նշագծում: Մինչդեռ, փետրվարին գները շարժվել են վայրընթաց հետագծով՝ տեղական առավելագույն 500 դոլարից՝ գարնանային եղանակի գալստյան ակնկալիքով։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա ։ Ի պատասխան ՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր վեց զինվորականների մահը։ Իրանի հարավում գտնվող նահանգներից մեկում օրիորդաց դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են 170 աշակերտ և նրանց ուսուցիչները, նի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: