
Արմինֆո.Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են: Այd մասին Facebook-ի իր էջում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ արձագանքելով կայքերից մեկում տեղ գտած "Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին" վերնագրով հրապարակմանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կայքն էլ, իր հերթին, այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, ով իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
«ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։
Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։
Ի դեպ, կհիշեք անցած տարի համացանցում ինչ մեծ աղմուկ բարձրացավ և հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մխչյանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որ «աշակերտի քթին թմրանյութ են քսել» և այլն:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի առկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ և ծավալների քննարկումներ չեղան։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։
Նշեմ նաև, որ մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց։ Անչափահասներին խնամքով պետք է վերաբերվել. յուրաքանչյուր չմտածված արտահայտություն կարող է ձևավորել պիտակավորման հիմքեր», - գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին փաստաբան Գոհար Մելոյանն ահազանգել էր երկրում, հատկապես անչափահասների շրջանում թմրանյութերի տարածման խնդրին պետության կողմից պատշաճ արձագանքի բացակայության մասին։ Որպես իր խոսքերի ապացույց՝ նա հիշատակել էր Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում տեղի ունեցած միջադեպը: Ինչպես պարզվել էր, 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ բռնի ուժով ստիպել էին 4-րդ դասարանի երկու աշակերտի փորձել թմրամիջոցներ: Դրանից հետո երեխաների մոտ թմրամոլություն է առաջացել, եւ նրանք սկսել էին տնից գումար գողանալ՝ ավագ դպրոցի աշակերտներից թմրանյութեր գնելու համար, որոնք նախկինում վարժեցրել էին թմրանյութի օգտագործման։ Ավելի ուշ քննչական մարմինները հայտարարել էին այդ տեղեկության ոչ արժանահավատության մասին։