


Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների կյանքին ոչինչ չի սպառնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունում:
ՙՀայկական խաղաղապահ ուժերը բավական հեռու են գտնվում այն վայրից, որտեղ դեկտեմբերի 21-ին ահաբեկչություն է տեղի ունեցել: Բարեբախտաբար, մեր զինծառայողների կյանքին ոչինչ չի սպառնում՚,- հայտնել են ՀՀ ՊՆ-ում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ամերիկյան ՙԲահրամ՚ ռազմաբազայի մոտ ամերիկացի և աֆղան զինծառայողների համատեղ պարեկություն իրականացնող խմբի վրա /Քաբուլից 40 կմ հեռավորության վրա/ և գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարք: Ահաբեկչական հարձակման հետևանքով հինգ զինվորական զոհվել է, վեցը՝ վիրավորվել: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՙԹալիբան՚ շարժումը:
Նշենք, որ ՆԱՏՕ–ի «Վճռական աջակցություն՚ (Resolute Support) առաքելության շրջանակներում Աֆղանստանում ծառայություն է անցնում 131 հայ խաղաղապահ: Հայաստանն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2010 թ. փետրվարից: Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախմբի նախապատրաստման և տեխնական ապահովման ծախսերն իր վրա է վերցրել Գերմանիան:


