


Արմինֆո.Հայաստանում կփոխվեն զինծառայողների ատեստավորման նկատմամբ որոշ պահանջներ։ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մարտի 2-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշելլ է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պարտադիր ատեստավորման պահանջն առաջին անգամ պաշտոնի նշանակվելիս ուժը կորցրած է ճանաչվում: Մասնավորապես, "Պաշտպան հայրենյաց" ծրագրի այն մասնակիցները, ովքեր անցել են անհրաժեշտ վերապատրաստում և պաշտոններ են ստացել Զինված ուժերում, այժմ ատեստավորման ժամանակ ազատվում են քննություններից: Բացի այդ, ռազմական ուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած սպաները ամփոփիչ գնահատականների արդյունքներով կհամարվեն ատեստավորված: Երկու դեպքում էլ աշխատավարձի հավելավճարները կհաշվվեն անմիջապես պաշտոնում նշանակման պահից:
"Պաշտպան հայրենյաց" ծրագրի շուրջ 4 հազար մասնակիցներ արդեն անցել են պայմանագրային ծառայության, և այդ գործընթացը շարունակվում է: Պայմանագրային զինծառայողների համար 5 տարի ծառայելուց հետո նոր պայմանագիր կնքելիս նախատեսվում են միանվագ պարգևավճարներ․ 2 տարվա համար՝ 1,5 մլն դրամ, 5 տարվա համար՝ 5 մլն դրամ: Օրենսդրական փոփոխություններն ուղղված են 24-25 տարեկան զինծառայողների մոտիվացիայի բարձրացմանը, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման արագացմանը: 30 տարին լրանալուց հետո նրանք կկարողանան շարունակել ծառայությունը։



