
Արմինֆո. Հայաստանում փորձ է արվում օրենսդրական մակարդակով լուծել անհետ կորած զինծառայողների և կամավորականների հետ կապված հարցերը: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մարտի 2-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած "Ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած անձանց մասին" օրենքի նախագծին եւ հարակից օրենքների փաթեթին:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո ստացվել են մի քանի առաջարկներ, որոնց մեծ մասը տեխնիկական բնույթ է կրել և ընդունվել են փաստաթղթի հեղինակների կողմից: Անհետ կորածների հետ կապված հարաբերությունները ներկայումս օրենսդրական մակարդակով չեն կարգավորվում: Դրանք մասնակիորեն կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքով, "Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին" օրենքով, կառավարության որոշումներով և պաշտպանության նախարարի հրամանով: Ընդհանուր առմամբ, նշված իրավական նորմերը միայն մակերեսորեն են անդրադառնում քննարկվող իրավական հարաբերություններին: Ավելին, վերոնշյալ իրավական ակտերի այս կամ այն դրույթը , հիմնականում, սահմանում է անհետ կորածների ընտանիքների անդամների կողմից որոշակի սոցիալական աջակցություն ստանալու հնարավորությունը:
Գալյանը նշել է, որ տարբեր իրավական ակտերում տեղ են գտել անհետ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների մասին հիշատակումներ, սակայն նշված դրույթները թերի են, շատ դեպքերում պարունակում են միայն այլ օրենքներին հղումներ: Բացի այդ, գոյություն ունեցող նորմատիվ ակտերի ոչ լիարժեք լինելու պայմաններում, շատ դեպքերում պոտենցիալ շահառուի համար դժվար է, նույնիսկ, տեղեկատվություն ստանալ այս կամ այն սոցիալական երաշխիքի կամ արտոնության, ինչպես նաև դրանց տրամադրման կարգի վերաբերյալ: Այդ առնչությամբ առանձին իրավական ակտի մշակման անհրաժեշտություն է առաջացել։
Մասնավորապես, առաջարկվում է անհետ կորած համարել զինծառայողին կամ կամավորականին՝ անկախ քաղաքացիությունից, անհետ կորած համարել ռազմական գործողությունների պայմաններում, մարտական հերթապահություն իրականացնելիս կամ հակառակորդի հետ շփման գծում հատուկ առաջադրանքներ կատարելիս, հայտարարված հրադադարի ժամանակ կամ խաղաղ պայմաններում ռազմական գործողություններից հետո վեցամսյա ժամանակահատվածում: Անհետ կորած անձի վերաբերյալ դիմումը ներկայացվում է նրա վերաբերյալ վերջին տեղեկությունն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում: Անհետ կորածի ընտանիքի անդամ կհամարվեն ամուսինը, կինը, երեխան, ծնողը, պապը, տատը, թոռը, եղբայրը, քույրը: Ներկայացված դիմումի հիման վրա սկսվում են որոնողական աշխատանքները, որոնց մասին տեղեկատվությունը յուրաքանչյուր 15 օրը մեկ ներկայացվում է լիազոր մարմին: Փաստաթղթի շրջանակներում նախատեսվում է ոչ միայն անհետ կորածի ընտանիքի անդամներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, այլև իրականացնել բարոյահոգեբանական աջակցության տրամադրման աշխատանքներ:
Օրինագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել անհետ կորածների միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ կներկայացվի ողջ տեղեկատվությունը: Հայտատու կհամարվի այն անձը, որը ներկայացրել է անձի որոնման դիմում, որի ճակատագիրն ու գտնվելու վայրն անհայտ է: Սոցիալական աջակցության շահառու հանդես կգա պետության կողմից փոխհատուցման և օգնության իրավունք ունեցող անձը: Անհետ կորածների հետախուզման լիազոր մարմին կհամարվի ազգային անվտանգության ծառայությունը։