


Արմինֆո. Մերձավոր Արևելքում էսկալացիայի առնչությամբ Երևանի ուղղությամբ 8 չվերթ է չեղարկվել՝ Իրանից, Իսրայելից և ԱՄԷ-ից։
Մասնավորապես, 3 չվերթ չեղարկվել է Դուբայից (FlyDubai), 2 չվերթ՝ Շարժայից (Air Arabia) , և մեկական չվերթ Թեհրանից (Qeshm Air ), Թել Ավիվից (FlyOne), Աբու Դաբիից (Air Arabia):
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր երեք զինվորականների մահը։ Իրանի նահանգներից մեկում աղջիկների դպրոցի ուղղությամբ Իսրայելական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 170 աշակերտ և նրանց ուսուցիչները, մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Հայաստանի ԱԳՆ-ը այսօր հաղորդել է, որ աշխատանքներ են տարվում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով օդային տրանսպորտով Հայաստան հնարավոր տարհանման ուղղությամբ: «ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը հնարավորության սահմաններում աջակցություն կցուցաբերի նաև ԱՄԷ-ից Մուսկատ փոխադրմանը՝ չվերթի կազմակերպման նպատակով: Չվերթի կազմակերպման դեպքում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեցներին", - ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:-



