


Արմինֆո. Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի առնչությամբ դեսպանությունն Իրանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին և հայրենակիցներին խնդրում է զգոն լինել, ուշադիր հետևել դեսպանության և իրանական իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին և առաջարկություններին, զերծ մնալ ռազմական և կառավարական օբյեկտների մոտակայքում գտնվելուց: Այդ մասին ասվում է Իրանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։ Ռուսաստանի դեսպանատանը կոչ են արել հանգստություն պահպանել, խուճապի չմատնվել, որը ոմանք կփորձեն սերմանել ԶԼՄ-ների և սոցցանցերի միջոցով, զերծ մնալ լուսանկարներից և տեսանկարահանումներից Իրանի ցանկացած հատվածում:
"Դեսպանությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին և հայրենակիցներին զերծ մնալ Իրան այցելելուց՝ մինչև հետագա ծանուցումները ։ Նաև թախանձագին հորդորում ենք Ռուսաստանի քաղաքացիներին և Իրանում գտնվող հայրենակիցներին հնարավորության դեպքում լքել երկիրը", - ասվում է ԻԻՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ընդ որում, ՌԴ դեսպանատունը տեղեկացնում է, որ Իրանից մեկնելու օպտիմալ երթուղիներն են Աստարայով դեպի Ադրբեջան (ուշադրություն ենք հրավիրում, որ սահմանի հատումը ենթադրում է ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես անհրաժեշտ թույլտվության ստացում) և "Նուրդուզ"/"Ագարակ" անցակետով դեպի Հայաստան: Տեղաշարժվելիս խնդրում ենք դրսեւորել զգուշություն և զգոնություն: Արտակարգ կապի հեռախոս: +98 21 6670-1161/63, էլեկտրոնային փոստ՝ [email protected]»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ հարձակվել է Իրանի վրա: Հարվածներ են հասցվել Թեհրանում կառավարական շենքերին։ Չհաստատված տեղեկությունների համաձայն, Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով սպանվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին:



