


Արմինֆո. Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ հանձնառություն ստանձնելով միասնաբար հանդես գալ առաջիկա համապետական ընտրություններում: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո, սա երկրորդ կարևոր հանգրվանն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, և հույս և հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևեր»-ի մեր բոլոր գործընկերներին՝ Արման Թաթոյանի ղեկավարությամբ, վստահության և համագործակցության համար, և հույս հայտնել, որ այդ դրական լուրը իրական խթան կհանդիսանա բազմաթիվ այլ դրական զարգացումների համար, իսկ արդյունքներն էլ չեն ուշանա», - գրել է Չալաբյանը:



