
Արմինֆո. Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած կառուցողական քաղաքականությանը և պատրաստակամ է ներդնել իր ավանդը միջազգային մարդասիրական նախաձեռնություններում՝ հավատացած լինելով, որ հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը չպետք է քաղաքականացվի:
Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարի սկզբին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մյուս արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման ։ Իսկ արդեն փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման դատապարտվեց Ռուբեն Վարդանյանը ։ Նրանք բոլորը մեղադրվում են "ահաբեկչության" և "վարձկանության" համար։