
Արմինֆո. Բաքվի խամաճիկային դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարադանյանի ընտանիքը հաղորդել է, որ բարերարը որոշել է դատավճիռը չբողոքարկել:
«Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։
Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա գտնվել, միջնորդություններն անտեսվել են։
Դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Սույն հայտարարության հրապարակման պահին ընտանիքին տրամադրված չի եղել դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային ևս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը։
Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։
Այս պայմաններում վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը բնավ այդպես չէ։
Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։
Բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։
Մենք կշարունակենք պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։
Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը», - ասվում է Վարադանյան ընտանիքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գործարարի սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարի սկզբին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մյուս արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման ։