
Արմինֆո. Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են նրան այս դժվարին պահին: Հիշեցնենք, որ Վարդանյանը փետրվարի 17-ին Բաքվի խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման ՝ "վարձկանության և ահաբեկչության" մեղադրանքով:
"Ազնավուր" հիմնադրամի տարածած հայտարարությունում ասվում է․ «Ռուբեն Վարդանյանը տասնամյակներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է զարգացման լայնածավալ նախագծեր կրթության, բարեգործության և պետականաշինության ոլորտում՝ իր ժամանակն ու ռեսուրսները ներդնելով Հայաստանի և Արցախի ապագայի մեջ։
Ավելի քան երկու տարի է, ինչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Մեկ տարուց ավելի տևած նրա դատավարությունը լայնորեն քննադատվել է իրավաբանների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանների կողմից՝ որպես արդար դատաքննության երաշխիքների հետ ամբողջությամբ անհամատեղելի գործընթաց: Արդյունքում Ռուբեն Վարդանյանը ռազմական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանցանքների մեջ, որոնք նա և նրա իրավաբանական թիմը կտրականապես մերժում են՝ համարելով դրանք քաղաքական նկատառումներով պայմանավորված և ապացույցներից զուրկ:
Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբենին, նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում կանգնած են նրա կողքին»։
Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարի սկզբին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մյուս արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է Մինչև 15 տարվա ազատազրկման ։