


Արմինֆո. «Մայլեռի ձմեռային խաղեր 2026. Դիվանագիտություն լեռներում» միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 130 ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից «Մայլեռ» համալիրի հետ համատեղ։
Միջոցառման նպատակն է ամրապնդել գործընկերությունը սպորտային դիվանագիտության միջոցով և միջազգային լսարանին ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու ձմեռային հանգստի հնարավորությունները։
Բարի խոսքով հանդես է եկել ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նա նշել է, որ իր համար Մայլեռը» լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հավակնոտ նախագծեր իրականացնել Հայաստանում։ «ՀՀ կառավարությունը լիովին աջակցում է նման ենթակառուցվածքների և էկոհամակարգի զարգացմանը որպես ամբողջություն։ Մենք շատ ուրախ ենք ձեզ բոլորիդ այստեղ տեսնել և շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին «Դիվանագիտություն լեռներում» միջոցառումը կազմակերպելու համար», - ասել է նա։
Արտգործնախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ այս միջոցառումը հանրային դիվանագիտության խթանմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների մաս է կազմում։



