
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի խիստ գնահատական տան ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության սրմանը, որը շարունակվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո: Դեկտեմբերի 21-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Տեսնենք, թե նրանք ինչ կասեն նախագահների հանդիպմանը հաջորդած ադրբեջանական սադրանքներից հետո. նրանք կրկին կլռեն թե կխոսեն կենացների մասին (ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ամփոփելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները, հայտարարել էր, թե այն ավարտվել է կենացով – խմբ.): Մենք, անշուշտ, դրական ենք գնահատում բանակցային գործընթացի համար դրական ֆոն ստեղծելու համանախագահների փորձերը, սակայն խոսել կենացների մասին և լռության մատնել խնդիրը ճիշտ չէ», - նշել է նա:
Ընդ որում Շարմազանովը ընդգծել է, որ Բաքվի սադրանքներին իր գնահատականը պետք է տա ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ, այլև ՀԱՊԿ հավաքական անվտանգությա խորհորդը և ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը, որոնց նիստերին այժմ մասնակցում է Հայաստանի նախագահը: Չնայած ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը` փոխխոսնակը բացառել է լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը: Նա նաև ընդգծել է, որ, շարունակելով սադրանքները, Բաքուն չի հասնի բաղձալի նպատակին` ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ: Հանդիպման ընթացքում Սարգսյանն ու Ալիևը պաշտպանել են հայ-ադրբեջանական սահմանին և հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի թվի նվազման վերաբերյալ միջնորդների ընթացիկ առաջարկությունները, այդ թվում ` դրանց հետաքննման մեխանիզմները: Սակայն Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /236 արկ/, 82 /155 արկ/, 120 /23 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /4 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից /24 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ /4 արկ/: