
Եկել է համակողմանի հաշտության համաձայնագրի նախապատրաստումն սկսելու ժամանակը` թարմացված մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք պաշտպանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ատգործնախարար Էլմար Մամեդյարովը` «Ազերթաջի» հրապարակած հարցազրույցում:
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված ջանքերը: Նրա ասելով, Ռուսաստանի ատգործնախարար Սերգեյ Լավրովը կողմերին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ, որոնք պաշտպանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները:
«Պատահական չէ, որ այդ առաջարկությունների քննարկման առնչությամբ Լավրովը 2014 թվականին գործնական այցերով եղել է Բաքվում ու Երևանում: Այդ առաջարկությունների շուրջ կարծիքների փոխանակում են իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի նախագահները: Այդ առաջարկությունները նախապատրաստվել են մադրիդյան սկզբունքների հիման վրա` ընդգրկելով 2014 թվականին Սոչիի, Նյու Պորտի և Փարիզի հանդիպումներում նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները: Թարմացված մադրիդյան սկզբունքները, որոնք բաղկացած են վեց կետից, հայտնի են լայն հասարակայնությանը. հայկական ԶՈՒ փուլ առ փուլ դուրս բերում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հարակից օկուպացված շրջաններից, ինչպես նաև այլ հարցեր», - նշել է Մամեդյարովը: Ընդ որում, խոսելով դեկտեմբեր 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Բեռնում կայացած հանդիպման մասին, ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ հանդիպումը պետք է գնահատել դրական:
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության ջանքերն այդ հանդիպման կազմակերպման գործում: Հանդիպմանը հետևած հայտարարություններում երկու կողմերին կոչ է արվել 2016 թվականին ինտենսիֆիկացնել հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ երկխոսությունը և շարունակել Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում անցկացված քննարկումները, - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Մամեդյարովի ասելով, Ադրբեջանն առավելապես շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ և միշտ եղել է արդյունավետ բանակցություննեի կողմնակից:
«Ներկա պահին Ադրբեջանը պատրաստ է կառուցողական քննարկումներ վարել բանակցությունների սեղանին գտնվող առաջարկությունների շուրջ: Բեռնի հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս ընդգծվել է այդ դիրքորոշումը», - եզրափակել է Ադրբեջանի արտգորիծնախարարը:
Ինչպես արդեն հաղորդվել է, դեկտեմբերի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Բեռնում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը կողմերին թույլ է տվել հստակեցնել իրենց դիրքորոշումները: Երկու երկրների ղեկավարները քննարկել են բռնության վերջին բռնկումը ղարաբաղյան հակամարտության գոտում և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի առկայության առնչությամբ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում, ինչը հետևանք է ծանր սպառազինության կիրառման: Սարգսյանն ու Ալիևը պաշտպանել են հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում միջադեպերի նվազեցման, ինչպես նաեւ դրանց հետաքննության մեխանիզմեր ստեղծելու վերաբերյալ միջնորդների ընթացիկ առաջարկությունները: Նախագահները հաստատել են առկա առաջարկությունների հիման վրա հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները նաև հավատարմություն են հայտնել հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»: