


Արմինֆո. Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Անա Իզաբել Խավիերի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Պորտուգալիայի միջև բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված դրական փոխգործակցության համար՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Այս համատեքստում ընդգծվել է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում համատեղ շահերի և արժեքների խթանմանն ուղղված համագործակցության կարևորությունը։
Աբիսողոմոնյանը իր գործընկերոջը ներկայացրել է այս տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև դրանց իրականացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում վերջին զարգացումների վերաբերյալ։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը ընդգծել է խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։ Նշվել են տարածաշրջանային կապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերը։



