


Արմինֆո. Հայաստանն առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Փետրվարի 27-ին մեկնարկող առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել կատարված կազմակերպչական աշխատանքները:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է առաջնության անցկացումը՝ այն որակելով պատմական իրադարձություն հայկական սպորտի համար: " Կարծում եմ՝ առաջնության օրերին հնարավորություն կունենանք հետևելու մեր մարզիկների հաջող ելույթներին և նրանց տեսնելու պատվո հարթակին․գրեթե բոլոր մրցաձևերում ունենք ներկայացուցիչներ։ Հուսով եմ՝ մրցումային օրերին մեծ թվով հանդիսականների կտեսնենք համալիրում: Տոմսերը վաճառվում են տարբեր հարթակներում, և բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել դրանք ", - ասել է նախարարը ՝ հաջողություն մաղթելով հայ մարզիկներին։
Խոսելով մարզաձևի և ենթակառուցվածքների զարգացման մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Եվրոպայի առաջնության անցկացումը առաջին քայլն է արդիական պայմաններ ձևավորելու ճանապարհին։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ հավաքականը լիովին պատրաստ է առաջնությանը։ Եվրոպայի կոնֆեդերացիայի գործընկերների աջակցությամբ ևս մեծ աշխատանք է իրականացվել՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Հայաստանն անմասն չի մնա մեդալներից:



