


Արմինֆո. Քաղաքապետարանը հաղորդել է մետրոյի նախատեսվող "Աջափնյակ" կայարանի հարակից տարածքի բարեկարգման երկփուլ մրցույթի ավարտի մասին: Այս մասին քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի աշխատանքային նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ նախաորակավորման փուլում հայտ են ներկայացրել 7 միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից որակավորում են անցել երկուսը: Բաբայանը նշել է, որ մարտի 3-ին նրանք կներկայացնեն իրենց առաջարկները, որից հետո կամփոփվեն արդյունքները, վերջնականապես կհաստատվի տեխնիկական առաջադրանքը, կանցկացվեն բանակցություններ, և կկնքվի պայմանագիր: "Կարծում ենք, որ հունիսի կեսերից կսկսենք աշխատանքները", - ասել է նա:
Քաղաքապետի խորհրդականը պարզաբանել է, որ ընկերությունները պետք է առաջարկեն հայեցակարգային քաղաքաշինական լուծումներ ՝ սահմանված շառավղով հարակից տարածքի զարգացման համար, ինչպես նաև մշակեն բիզնես-քեյս, որը թույլ կտա ձևավորել ներդրումային փաթեթ՝ համապատասխան հաշվարկներով, վերլուծությամբ, հողի արժեքի գնահատմամբ և ներդրումային մոդելով: Այսպիսով, միաժամանակ կներկայացվի նախագծի նախնական էսքիզային առաջարկը և տեխնիկատնտեսական հիմնավորումը:



